Դատարանը պարտավորեցրել է mamul.am-ին հերքել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի և բժիշկների մասին 12 հրապարակում և վճարել 1.2 մլն դրամ

Դատարանը պարտավորեցրել է mamul.am-ին հերքել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի և բժիշկների մասին 12 հրապարակում և վճարել 1.2 մլն դրամ

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌ. mamul.am-ը պարտավորվում է հերքել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի և բժիշկների մասին իր 12 հոդվածները, «քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն»

Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և բժիշկների հայցադիմումն ընդդեմ mamul.am կայքը տնօրինող «Սոուշըլ մեդիա» ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող հրապարակումները և զրպարտության դիմաց որպես փոխհատուցում վճարել 1,200,000 ՀՀ դրամ:

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն և բժիշկները հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ mamul.am-ի («ՍՈՈՒՇԸԼ ՄԵԴԻԱ» ՍՊԸ) այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հոդվածների շարք է հրապարակել՝ արատավորելով «Նորք-Մարաշ» ԲԿ-ի բազմավաստակ և հեղինակավոր բժիշկներ Գագիկ Հուսիկի Հեբոյանի, Գագիկ Սերյոժայի Հապետյանի, Հովհաննես Սուրենի Ավդալյանի, Քրիստինե Էդվարդի Պողոսյանի, տնօրեն Միքայել Յուրիի Ադամյանի բարի համբավն ու «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործարար համբավը:

Դատարանը պարտավորեցրել է հատ առ հատ հերքել բոլոր 12 հոդվածները, «քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն»:

Ցավում ենք յուրաքանչյուր դժբախտ դեպքի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հարազատներին։ Միևնույն ժամանակ բոլորին հորդորում ենք զերծ մնալ մարդկանց վիշտը սեփական շահերի համար օգտագործելուց, նրանց զգացմունքները և նման իրավիճակները որևէ նպատակով շահարկելուց։

Ինչպես հայտարարել ենք, զրպարտության դիմաց ստացվող ֆինանսական փոխատուցումներն ուղղելու ենք «Մեկ սիրտ-Հայաստան» բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են սրտանոթային հիվանդություններ ունեցող մանուկները և սրտի բնածին արատ ունեցող ցանկացած տարիքի բուժառուները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում