Դատարանը վերացրեց Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը

Դատարանը վերացրեց Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանական կողմի միջնորդությունը, ըստ որի վերջինիս կթույլատրվի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ: Նախորդ դատական նիստին Առուշանյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով վերացնել Առուշանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումները, ինչը քննարկման առարկա է դարձել նոյեմբերի 5-ի նիստին ու մասնակի բավարարվել:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում