Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված հայտարարություններին, մասնավորապես՝ նախարարների բանակում չծառայելու վերաբերյալ բարձրաձայնմանը։
«Ճիշտն ասած այս բանավեճի մեջ չէի ցանկանա մտնել, բայց երբ նորելուկ, բայց միևնույն ժամանակ հինավուրց, քաղաքական ուժերը իրենց քարոզչությունը կառուցում են բացահայտ ստի վրա, դժվար է չարձագանքելը։
Այսօր «ուժեղ ուժի» համակարգողը հայտարարել է, որ ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում։
Կից իմ զինվորական գրքույկի մի էջն է, որտեղ երևում է, որ ես զորակոչվել եմ բանակ 25.12.2015թ.։ Զորակոչվել եմ 33 տարեկան հասակում, երբ ունեի 2 երեխա, քանի որ սպայական կոչում ունեի ստացած Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Զորակոչվելիս ղեկավարում էի բժշկական կենտրոն, որն իր ճյուղում առաջատարներից էր, ունեի մոտ 30 աշխատող, ընկերության շրջանառությունը մեծ էր մեկ միլիոն դոլարից։ Այս մանրամասները հատուկ եմ ասում, որպեսզի պարզ լինի, որ եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք են արել։
Զորացրվել եմ 03.11.2016թ., քանի որ մինչ զորակոչս հայտնի հիվանդությունս սրվել էր, ինչի մասին առիթ ունեցել եմ նախկինում հրապարակային խոսելու։
Ստախոսության վրա հիմնված քարոզչությունը շանս չունի անցնելու։


Կարծիքներ