Սեփական բնակարանը ճոխություն չէ. Սուրեն Պապիկյան

Սեփական բնակարանը ճոխություն չէ. Սուրեն Պապիկյան

Չգիտեմ, թե ինչումն է խնդիրը, այո, ձեռք եմ բերել բնակարան և դա արտացոլված է իմ տարեկան հայտարարագրում: Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված տեսանյութին, որտեղ իշխանության ներկայացուցիչներից շատերը մեղադրվում էին հեղափոխությունից հետո հարստանալու մեջ: «Այդ բնակարանը ձեռք եմ բերել հիպոթեքային վարկավորմամբ, ինչը նորմալ պրոցես է Հայաստանի բոլոր երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր իրենց կեցության հարցն են լուծում»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերվում է մեղադրանքներին, որ պաշտոնյաների աշխատավարձերն այնքան բարձր են, որ վերջիններս իրենց ճոխություններ են թույլ տալիս, ըստ նախարարի՝ ճոխությունների մասին անգամ խոսք գնալ չի կարող: «Այստեղ մարդու տարրական կարիքները բավարարելու մասին է խոսքը: Ունենալ սեփական բնակարան ճոխություն չէ, և կարծում եմ ՀՀ ցանկացած քաղաքացի էլ ցանկանում է իր տունն ունենալ, նույնը վերաբերվում է նաև պետական պաշտոնյաներին, այդ թվում նաև հետհեղափոխական պետական պաշտոնյաներին,որովհետև դա մեր աշխատավարձի արդյունքում գոյացած գումարների միջոցով է արվում: Այնպես որ, որևէ արտառոց բան ես այստեղ չեմ տեսնում»,-նշեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ 5-րդ ալիքը «Կորսված փողեր և հույսեր» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների մեղադրում է հեղափոխությունից հետո հարստանալու մեջ: Մասնավորապես, տեսանյութում մեջբերված են պաշտոնյաների հայտարարագրերից հատվածներ, որտեղ հստակորեն երևում է, թե այս երկու տարիների ընթացքում ինչ են ձեռք բերել և որն է եղել եկամտի աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում