Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հունվարի 27-ը Հիշատակի և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագծի համահեղինակ Գեղամ Նազարյանն ահազանգեր է ստացել, որ որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին տեղեկացրել են, որ հունվարի 27-ն ու հունվարի 28-ը նրանց համար աշխատանքային են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցը բարձրաձայնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«Խորհրդարանում քվեարկությունից կես ժամ-մեկ ժամ հետո ահազանգեր ստացա, որ կազմակերպությունների ղեկավարները ներքին չատով տեղեկացրել են աշխատողներին, որ հունվարի 27-ն ու 28-ն աշխատանքային օրեր են նրանց համար՝ անկախ ընդունված որոշումից»,-ասաց Նազարյանը՝ հարցնելով, թե ինչ պետք է անեն այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ լիազոր մարմինը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կգործի:
Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ կհասցնե՞ն պատշաճ ձևով, պետական մակարդակով նշել Հիշատակի օրը:
«Շատ կարևոր որոշում է ընդունել ԱԺ-ն: Այո, կարծում եմ՝ հնարավորություն ունենք այս կարճ ժամանակաընթացքում պատշաճ կազմակերպել ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զոհերի առաջ»,-ասաց Պապիկյանը:
Նախարարը նշեց՝ նախկինում Եռաբլուրում կազմակերպվել են ակցիաներ, նաև պաշտպանության նախարարի խոնարհած ծաղկեպսակը ջարդել, տրորել են: «Հարգելի հայրենակիցներ, սա արվում է ի հարգանս մեր զոհերի: Պղծելով ծաղկեպսակը՝ չեմ կարծում, թե ճիշտ ծառայություն եք մատուցում նրան, ում ծառայում եք: Եթե յուրաքանչյուրը պատշաճ մնա իր դերում, ապա երկրի ղեկավարությունը, կառավարությունն իր պարտքը կկատարի և պատշաճ կկազմակերպի ու կայցելի համապատասխան վայրեր»,-նշեց նախարարը:


Կարծիքներ