Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Էդգար Ղազարյանի դեմ իր հայցը բավարարվել է:
Նա ներկայացրել է վճռի բովանդակությունը:
1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով.
տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայնքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06․09․2023 թ․-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։
2. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը 06․09․2023 թվականին Facebook.com սոցիալական կայքում իր անձնական էջում տեղադրել է տեսանյութ հետևյալ վերնագրով՝ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները․ Քաղաքական պատեհապաշտները, քաղաքական պատուհասները և քաղաքական պաուհասները»։
Նա նշել է․ «Ես էսօր նրանց ներկայացնելուց, փորձեմ հնարավորինս հակիրճ, բաժանել եմ երեք պայմանական խմբի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ մի խմբում նրանք պատեհապաշտներն են, այսինքն մարդիկ, ովքեր ունեն սեփական բիզնես, բիզնես հետաքրքրություն, հիմնականում նախկինում եղել են կոռուպցիոներներ, կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ, իրենց ազգ, հայրենիք, ըտենց բաներ ոչինչ չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն իրենց անձնական նյութական շահը, և պատգամավոր են ընտրվել միայն այդ շահը հետապնդելու համար, այսինքն` պատեհապաշտներ։
Մյուս խումբը դրանք պատուհասներն են, այսինքն` մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց ակտիվ նախաձեռնողական թրքասիրությամբ, ազգակործան գործունեությամբ ունեն նախաձեռնող ագրեսիվ պահվածք, վտանգ են ներկայացնում․ սրանք պատուհասներն են (․․․)»։
Պատասխանողը նշել է նաև․ «Հիմա գանք առաջին խմբին՝ պատեհապաշտներ․ գործարար կամ կոռումպացված պատգամավորներ։ Բնականաբար, այս ցանկի գլխավոր դերակատարը, որը շատ հանգիստ պատուհասների դասակարգման մեջ, դա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է (․․․)»։
Շարունակելով ներկայացնել հայցվորի վերաբերյալ տվյալներ՝ Պատասխանողը նշել է․ «Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա ․․․»։
Հրապարակված տեսանյութում ներկայացվել են փաստացի տվյալներ հայցվորի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանն ու արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Կարծիքներ