Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը

Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը

Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակի առիթով Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել։

Քաղաքը մշակութային մեծ տոնահանդեսի շուրջ է համախմբել Արագածոտնի համայնքների և Հայաստանի մարզերի բնակիչների, ստեղծել գունեղ մի միջավայր, որում խտացած են եղել ազգայինը, հայրենասիրականը, հաղթանակի ոգին։

Արագածոտնի մարզպետարանի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարարներ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության ներկայացուցիչներ, համայնքապետեր, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք։ 

Նշվում է, որ տոնակատարության մեկնարկը տրվել է Ապարանի հրապարակից։ Շնորհավորական խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Արդեն 2-րդ տարին եմ մարզպետի կարգավիճակում մասնակցում այս տոնին, ինչը մեծ պատիվ է։ Մենք նման հրաշալի միջոցառմամբ տոնում ենք մեր պապերի հաղթանակները, հիշում և ոգեշնչվում նրանց սխրանքներով։ Այսպիսով մենք արժևորում ենք մեր պատմությունը, անցյալը՝ վստահ քայլերով գնում դեպի ապագա։ Վստահ եմ՝ մեր եռանդի ու աշխատանքի շնորհիվ մենք կերտելու ենք հզոր Հայաստան։ Շնորհավորում եմ բոլորիս»,-ուղերձում նշել է նա:

Զինվորական շքերթով ամփոփվել է միջոցառման պաշտոնական մասը։ Պետական այրերը շրջել են տարբեր համայնքներ ներկայացնող տաղավարներում և զրուցել հայ արտադրողների, արվեստի դպրոցների սաների, բնակիչների հետ։ Այնուհետև քայլերթով  շարժվել են դեպի Մեծ եղեռնի զոհերի, Ապարանի հերոսամարտում և Երկրորդ աշխարհամարտում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ»  հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել, ապա եղել Ապարանի զինվորական պանթեոնում և խնկարկել հայ-ադրբեջանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։

Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է Արագածոտնը և Հայաստանի այլ մարզերը ներկայացնող տաղավարներում ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու  պարով, արվեստի գործերի ցուցադրությամբ, մարզական ներկայացումներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում