Պուտինն արգելել է դատվածություն ունեցող քաղաքացիներին տաքսի և հասարակական տրանսպորտ վարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է դատվածություն ունեցող անձանց, որոնք դատապարտվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, ինչպես նաև միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, որպես վարորդ աշխատանքի անցնել տաքսի և հասարակական տրանսպորտի ոլորտներում։
Համապատասխան փաստաթուղթը հունիսի 11-ին հայտնվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այս մասին գրում է «Գազետա»-ն։
Օրենքի համաձայն՝ տաքսի և ավտոբուս վարել չեն կարող այն քաղաքացիները, որոնք սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, մարդու առևանգման, կողոպուտի, անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համար ունեն չմարված դատվածություն: Բացի այդ, իրավունք չունեն տաքսի վարել հասարակական անվտանգության դեմ հանցագործություններ կատարած անձինք։
Նշվում է նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան) քաղաքացիների հետ, որոնք իրենց գործատուներին դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկանքներ չեն տրամադրել, պայմանագրերը կխզվեն։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց տաքսիների և ավտոբուսների վարորդների աշխատանքի արգելման մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից։
Կարծիքներ