Կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին. ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում որպես ՓԲԸ
Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ««TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և ՏԿԵ նախարարին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը, որը ՀՀ-ի և ԱՄՆ-ի՝ 2026 թվականին ստորագրված շրջանակային համաձայնագրի կիրարկման կարևորագույն քայլերից մեկն է։
Ըստ նախարարի տեղակալի՝ բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։
«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը»,– ասաց նախարարի տեղակալը։
Համաձայնագրով ամրագրվում են նաև ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերով որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության գործուն մեխանիզմներ։ Այս առումով, ըստ նախարարի տեղակալի, հատկապես կարևոր է համաձայնագրի, այսպես կոչված, «վերապահված հարցերի ինստիտուտը»։
«Համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Ի թիվս այլ հարցերի՝ այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը և ծրագրերին 3-րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրի պայմանների սահմանումը, ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության առանցքային որոշումները, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը և գնումների քաղաքականությունը։
ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը։
Այսպիսով, բաժնետիրական համաձայնագրով ձևավորվում է կառավարման այնպիսի մոդել, որը մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների ներգրավման և ընկերության արդյունավետ կառավարման գործում, իսկ մյուս կողմից՝ ՀՀ մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը, և երաշխավորում է մեր պետական ու տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները»,- պարզաբանեց նախարարի տեղակալը և հավելեց՝ համաձայնագրի ստորագրմանը կհաջորդեն TRIPP զարգացման ընկերության հիմնադրումը և գործունեության ծավալումը ՀՀ-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ թևակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարևոր փուլը և արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի համաձայնեցված լինելը, որը 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի։ Դրանից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա աշխատանքներ իրականացնել։
«Արդեն իսկ այս երկուշաբթի սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները, այսինքն՝ տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ հիմա նաև ճանապարհի և ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներ ենք իրականացնում. այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։
Երբ TRIPP զարգացման ընկերությունն արդեն ամբողջությամբ ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն, և հնարավորինս քիչ ժամանակ կորցնենք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է։


Կարծիքներ