Շոլցը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսված է իր հանդիպումը Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ մոտ ապագայում ծրագրված է Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես շուտով կխոսեմ Մոսկվայում այն թեմաների շուրջ, որոնք պետք է քննարկվեն», - չորեքշաբթի երեկոյան ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ։ «Այս հանդիպումը նախատեսված է և տեղի կունենա մոտ ապագայում», - հավելել է Գերմանիայի կանցլերը։ Նա, սակայն, չի նշել Մոսկվա այցի կոնկրետ ժամկետը։
Շոլցն ընդգծել է, որ ակտիվորեն համագործակցում է Եվրամիության դաշնակիցների ու գործընկերների հետ Ուկրաինայի հարցում։ «Մեզ այլ բան չի հետաքրքրում: Եվ, իհարկե, ես խոսեցի նաև Ռուսաստանի նախագահի հետ», - ասաց Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ շուտով տեղի է ունենալու նաև այց ԱՄՆ։
Գերմանիայի կառավարության տեղեկություններով՝ Շոլցը կանցլերի պաշտոնը ստանձնելու պահից (դեկտեմբերի 8) ընդամենը մեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ՝ դեկտեմբերի 21-ին։ Կանցլերն ու ՌԴ նախագահը քննարկել են Ուկրաինայի մերձակայքում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման հարցը։ Շոլցը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել է դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը, հայտնել են Գերմանիայի կաբինետից։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը։ Կանցլերն ընդգծել է նորմանդական ձևաչափով բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ