Թրամփը կարծում է, որ կարող է ներել Մասկին

Թրամփը կարծում է, որ կարող է ներել Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է ներել միլիարդատեր Իլոն Մասկին, որի հետ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել էին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է New York Post թերթի լրագրող Միրանդա Դիվայնի Pod Force One փոդքասթի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նշել է, որ չի մեղադրում Մասկին իրենց դաշինքի փլուզման համար, սակայն մի փոքր հիասթափված է։

«Ես նեղացած չեմ։ Ես իսկապես զարմացած էի, որ դա տեղի ունեցավ։ Նա դատապարտեց մի օրենք, որը ֆենոմենալ է.... Կարծում եմ՝ իրականում նա վատ է զգում, որ ասել է նման բաներ։ Ես հիասթափվել էի նրանից, բայց ունենք այն, ինչ ունենք.... Նման բաներ տեղի ունենում են։ Ես նրան չեմ մեղադրում», - ասել է նա։

Հարցին՝ արդյոք ինքը և Մասկը կարող են նորից լավ հարաբերություններ ունենալ, Թրամփը ասել է, որ հնարավոր է, սակայն «հիմա գլխավորը երկիրն ավելի բարձր մակարդակի հասցնելն է, քան երբևէ»:

Թրամփը և Մասկը հունիսի 5-ին կտրուկ արտահայտություններ են փոխանակել սոցիալական ցանցերում։ Գործարարը հայտարարել է, թե առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հավանություն է տվել Թրամփին իմփիչմենթ հայտարարելու գաղափարին, քննադատել է պետական ​​ծախսերի կրճատման՝ Սպիտակ տան նախաձեռնած օրինագիծը և նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը, ինչպես նաև կանխատեսել է ամերիկյան տնտեսության անկում 2025 թվականի երկրորդ կեսին։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մասկը դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգել է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): Թրամփը նաև նշել է, որ Մասկը «խելքը թռցրել է»։ ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կնքված պետական ​​պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։ 

Ավելի ուշ Մասկը հայտարարել է, որ զղջում է իր մի քանի հաղորդագրությունների համար, որոնք նվիրված են Թրամփին:

«Ես զղջում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին անցյալ շաբաթ արված իմ գրառումներից մի քանիսի համար։ Դրանք չափից հեռուն էին գնում», - գրել է նա հունիսի 10-ին իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում