Եկեղեցու քաղաքականացումը և արտաքին ազդեցության տարածումը

Եկեղեցու քաղաքականացումը և արտաքին ազդեցության տարածումը

Այսօր հրապարակված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցում, որպես ճգնաժամի խորքային պատճառներից մեկը, դիտարկվում է Եկեղեցու ղեկավարության վարքագիծը երկու տարբեր ժամանակաշրջաններում․ 2008 թ. Նախագահական ընտրություններից հետո, երբ հասարակության զգալի մասը բողոքում էր ընտրախախտումներից, ՀԱՍԵ փաստացի պետն ընտրությունների հաջորդ օրը շնորհավորեց Սերժ Սարգսյանին։

Փետրվարի 29-ին՝ մարտի 1-ի իրադարձությունների նախօրեին, տարածված ուղերձում հանրահավաքներն ու երթերը որակվեցին որպես «ոչ բարվոք ճանապարհ»։ 2020 թ. Պատերազմի երկրորդ օրը փաստացի պետը զորակցություն հայտնեց ՀՀ իշխանություններին։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ԳՀԽ-ն Կառավարության և ԱԺ շենքերի վրա հարձակումները որակեց «արդար ընդվզում» և առաջ քաշեց հրաժարականների հարցը։ Դեկտեմբերի 8-ին փաստացի պետն ուղիղ կոչ արեց վարչապետին վայր դնել լիազորությունները։ Դեկտեմբերի 13-ին նա հանդիպեց ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանին, որին Մայր Աթոռի հաղորդագրությունն անվանեց «վարչապետի միասնական թեկնածու»։

Պահանջը նա վերահաստատեց 2021 և 2023 թթ., այդ թվում՝ արտահերթ ընտրություններից հետո։ Դիրքորոշումների այս տարբերությունը փաստացի պետն ինքն է մեկնաբանել 2021 թվականին՝ նշելով․

«Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, ինչպիսի իրավիճակներում իր ձայնը բարձրացնի»։

Եկեղեցական ճգնաժամի փաստագրման համատեքստում զեկույցը շոշափում է նաև վերջին տարիների քաղաքական զարգացումներին հոգևորականության մասնակցությունը․

Մասնավորապես, 2024 թ. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց «Սրբազան պայքար» շարժումը և հայտարարեց. «Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը»։

Նա առաջադրվեց վարչապետի թեկնածու՝ հոգևոր ծառայությունը «սառեցնելով», ինչը որևէ կանոնակարգով նախատեսված չէ։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վկայությամբ՝ քննարկմանը մասնակցած 24 եպիսկոպոսից 20-ը դեմ էին այդ գործունեությանը՝ որպես հակականոնականի։ 2025 թ. Քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման ղեկավարները պլանավորել էին իշխանության զավթմանն ուղղված գործողություններ, և Գալստանյանը ձերբակալվեց։

Իսկ, օրինակ, 2026 թ. ընտրությունների նախընտրական շրջանում Եկեղեցին ծառայեցվել է որպես քարոզչական ռեսուրս․ մայիսի 10-ին փաստացի պետը հանդիպեց ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը», Եզրաս արքեպիսկոպոսը հայտարարեց, թե իշխող կուսակցությանը քվե տվողը «մեղք է գործում և իրեն դուրս դնում» Եկեղեցուց, իսկ նորօծ եպիսկոպոսներն ընդդիմադիր հարթակներից հանդես եկան ընտրական տեսաուղերձներով։

Զեկույցում ընդգծվում է, որ այս քայլերը խախտում են ինչպես ՀՀ Ընտրական օրենսգիրքը, որն արգելում է կրոնական կազմակերպություններին իրականացնել նախընտրական քարոզչություն, այնպես էլ Առաքելական 81-րդ կանոնը, որն արգելում է եպիսկոպոսին և քահանային «ժողովրդական կառավարութեան գործերում խառնուել»։ Զեկույցում ներկայացված են նաև արտաքին հետախուզական և քաղաքական ազդեցության տվյալներ։

Մասնավորապես, 2025 թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Եզրաս արքեպիսկոպոսը 1986–1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ «Կարո» ծածկանունով։ 2026 թ. մարտին ԱԱԾ տնօրենը վերահաստատեց այդ տեղեկությունը։ Նա 2002 թվականից ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի անդամ է։ Նրա ղեկավարած թեմի առաջնորդարանում 2025 թ. դեկտեմբերին գումարված ժողովն ընդունեց ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քաղաքական հայտարարություն։

Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան դիմաց անցկացված ակցիաներին միացել են թեմի հոգևորականներ։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար զեկույցն առաջարկում է որպես հիմնարար սկզբունք որդեգրել Եկեղեցու ապաքաղաքականացումը․

Եկեղեցին չպետք է ծառայի որպես քաղաքական պայքարի գործիք, ինչը հավասարապես վերաբերում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ հարաբերություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում