Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը:

Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947 թ. տեղափոխվել է Հայաստան:

1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975 թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել և ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը:

1979-90 թթ. եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, և նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին:

1992-2010 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1994-2000 թթ. եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում:

2003-2007 թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը:

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով:

2009 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին՝ ժամը 17:30-20:00-ը:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում