Վարչապետի նոր իմիջն ու առավոտյան ողջույնների ձևաչափը՝ միջազգային մամուլում

Վարչապետի նոր իմիջն ու առավոտյան ողջույնների ձևաչափը՝ միջազգային մամուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճային փոփոխություններն ու առավոտյան ողջույնների ձևաչափը հայտնվել են միջազգային մամուլի էջերում:

Սոցցանցերում վարչապետը կիսվել է BBC-ի ռուսական ծառայության հոդվածով, որում ներկայացված է, թե վերջին շրջանում ինչ փոփոխություններ են եղել, ինչպես է վարչապետն ակտիվ էջեր վարում սոցցանցերում, ինչպես են նրա՝ ընդամենը պարզ երաժշտության տակ սրտիկով ողջույնի կարճ տեսանյութերը մի քանի միլիոն դիտում հավաքում, և ով է զբաղվում վարչապետի էջերի վարմամբ:

Հոդվածում պարզաբանվում է, որ ոչ մի ամերիկյան ընկերություն էլ չի զբաղվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի և սոցցանցերի աշխատանքով, այլ Փաշինյանն իր էջերը վարում է ինքը, իսկ մնացած աշխատանքն անում է վարչապետի աշխատակազմի լրատվական բաժինը:

«Բանը հասավ միջազգային մամուլին։ Սիրում եմ բոլորիդ»,- կիսվելով հոդվածով՝ գրել է վարչապետը:

Մեկ այլ հրապարակմամբ նա անդրադարձել է հոդվածում հիշատակվող հրապարակմանը, որը միլիոնավոր դիտումներ է հավաքել:

«Սա էլ շարքի ամենահայտնի նմուշի թվային պատկերը՝ Զեմֆիրայի «П.М.М.Л.» երգի հետ։ Հրապարակում եմ BBC-ի հրապարակման առիթով»,- գրել է վարչապետն ու հրապարակել տեսապատճեն, ինչպես նաև տեղադրել առանձին երգը՝ Զեմֆիրայի «ПММЛ» կատարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում