Բացահայտել, ՀԾԿՀ ենք ուղարկել լիովին նոր բնույթի և աննախադեպ ծավալի ևս մի իրավախախտման փաստ. Ռոմանոս Պետրոսյան
2023-25թթ ընթացքում ՀԷՑ-ի միայն 6 վարչական շենքում սեփական կարիքների համար փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի քանակներն արհեստականորեն ուռճացվել են՝ հավելագրելով տվյալ հաշվիչներին ավելի քան 3,1մլն կՎ/ժ էլ.էներգիայի հավելյալ քանակ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Թեպետ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել, եւ ՀԾԿՀ-ն շուտով պետք է Օրենքով սահմանված կարգով նիստ գումարի եւ որոշում կայացնի, սակայն չենք դադարում զարմանալ մեր ուսումնասիրությունների եւ թիրախային վերահսկողության արդյունքում արձանագրված նորանոր իրավախախտումների բնույթից եւ դրանց ծավալներից։
Օրերս բացահայտել, փաստաթղթավորել եւ ՀԾԿՀ ենք ուղարկել լիովին նոր բնույթի եւ աննախադեպ ծավալի եւս մի իրավախախտման փաստ. խոսքը գնում է ավելի քան 3,1 մլն կՎ/ժ հավելագրված էլեկտրաէներգիայի քանակի մասին, որը բացահայտվել է ՀԷՑ-ի ցանցերում առկա 52 վարչական շենքերից միայն 6-ում՝ հավելագրված 2023-25թթ. ընթացքում։
Շուկայական միջինացված արժեքով հաշված՝ այս դեպքում Ընկերությանը հասցված վնասը կազմում է ավելի քան 150մլն ՀՀ դրամ։
Ընդ որում, այս ծախսն ուղիղ անդրադառնում է հանրությանը մատակարարվող էլ.էներգիայի սակագնի մեծության վրա. ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ…
Եթե առկա ռեսուրսներն ու ժամանակը ներեին՝ է՛լ ավելի լայնամասշտաբ ստուգումներ արվեր այս ուղղությամբ, ապա վստահաբար սեփական կարիքների համար ծախսված էլ.էներգիայի քանակներին հավելագրված ծավալները բազմապատիկ անգամ ավելին կարձանագրվեին, քանի որ ստուգումներն իրականացվել են ընտրողական եղանակով՝ ընդամենը Երեւանի եւ ՀՀ տարբեր մարզերի մի շարք ցանցերում (մոտ 10%-ում), եւ բոլոր տեղերում դրանք արձանագրելով՝ կարող ենք պնդել, որ ըստ երեւույթին, այս հավելագրումները եւս կրել են համակարգային բնույթ։
Վերահսկողական աշխատանքներն անշուշտ չեն դադարելու այս ուղղությամբ, սակայն նոր հնարավոր արձանագրումներն, ըստ երեւույթին, չենք հասցնի ներկայացնել ՀԾԿՀ՝ մինչեւ վարույթի ամփոփումը, սակայն իրավական գնահատականի, անկասկած, դրանք կներկայացվեն ողջ ծավալով։
ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։


Կարծիքներ