Փոփոխություններ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում. մարզիչներ են փոխվել. առաջիկայում ասուլիս կլինի

Փոփոխություններ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում. մարզիչներ են փոխվել. առաջիկայում ասուլիս կլինի

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է հավաքականների կազմերի ղեկավարների փոփոխությունների մասին:

«Ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում:

Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում