Պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով. Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Մեծաթիվ պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի և Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ:
Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում»,«Սոցիալիստներ, բնապահպաններ և հանրապետականներ», «Ժողովրդավարների և անկախականների միություն» և «Ժողովրդավարական շարժման միություն» գործող և նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար:
Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:
Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը՝ կիրառելով արգելված զինատեսակներ, ինչպես նաև հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:
«Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբևէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը:
Կարծիքներ