Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ
«ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ»:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ իրենց ունեցած տվյալների համաձայն՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ՌԴ-ում են:
«ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում. այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է: Բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ այս մարդանց արտահանձնելու: Թեև նշեմ, որ առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը:
Մինչդատական վարույթում գտնվող գործով ունենք նաև Գևորգ Կոստանյանի և նրա կնոջ կողմից պաշտոնական և ոչ միայն պաշտոնական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված… որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում, և այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը:
Նշեմ, որ Կոստանյանները, բացի «Մարտի 1»-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման համար, և այս պահին դատարանում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը ՀՀ տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,- ասաց դատախազը:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են Մարտի 1-ից հետո պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծմամբ գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով: Այսինքն՝ դրանք ոչ թե կապված են բուն Մարտի 1-ի գործողությունների հետ, այլ հետագայում կատարված դիրքային չարաշահումների:


Կարծիքներ