Ճապոնիայի իշխանությունները բանաձև են ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Բանաձևը, որը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և աջակցություն արտահայտում նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդունվել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ինչպես հայտնում է Kyodo News-ը, փաստաթուղթը կոչ է անում շահագրգիռ երկրներին «որքան հնարավոր է շուտ վերականգնել կայունությունն Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ճանապարհով»։ Բանաձևում նշվում է, որ «ստատուս քվոյի ցանկացած ուժային փոփոխություն անընդունելի է»։
Ստորին պալատը «կառավարությանը կոչ է արել օգտագործել դիվանագիտական բոլոր ռեսուրսները՝ անելու հնարավոր ամեն բան՝ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու և հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»։
Բանաձևում ընդգծվում է, որ Ճապոնիան համագործակցում է միջազգային հանրության, այդ թվում G7-ի մյուս անդամների հետ՝ Ուկրաինայում ժողովրդավարության խթանման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:
Վարչապետ Ֆումիո Կիսիդան անցած ամսվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում խոստացել էր «ուժեղ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ցանկացած հարձակման»։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանի սադրանքի ամենահավանական սցենարը կլինի Ուկրաինայի ներսում ապակայունացման փորձը։
Կարծիքներ