Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան

Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, ըստ որի, ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։

Նրա խոսքով՝ եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով և այսօր էլ կա օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները։

«Այդ կարգավորումները միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են»։

Նախարարը նաև անդրադարձել է վարչապետի օգտագործած բառամթերքին:

«Կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա։

Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոշակի կանոնների էլ պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»,- ասել է Գալյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում