Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում

Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության» գործուղումը Հայաստան անվանել է կազմակերպության մանդատի կոպիտ խախտում։ Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, մնում է խիստ սահմանափակ հնարավորություններով:

«Կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնելու սկզբունքը հստակորեն արտացոլված է ԵԱՀԿ-ի բոլոր հիմնական որոշումներում: Այս առումով, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելության» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը կոպտագույն խախտում է այն մանդատների նկատմամբ, որոնք արտացոլում են բ ոլոր մասնակից պետությունների հավաքական կամքը:  Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ բոլոր կառույցներին ուղղել իր լիազորությունների կոպիտ խախտումը»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստում։

Բայրամովը հավելել է, որ երեք անգամ հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ՝ քննարկելու միջպետական հարաբերությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։

«Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք արագացնել բանակցությունները: Այդ նկատառումով Ադրբեջանն արդեն մի շարք մեկնաբանություններ է ներկայացրել Հայաստանին համաձայնագրի նախագծի վերաբերյալ»,- ասել է նա:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը՝ ներառյալ ԱԳ նախարարը, միջազգային որևէ հարթակ բաց չեն թողնում և օգտագործում են դրանք՝ սեփական խիստ անհասկանալի մոտեցումները բարձրաձայնելու, հայկական կողմին մեղադրանքներ հնչեցնելու և սեփական մեղքերը ՀՀ իշխանությունների վրա բարդելու համար:

Այս անգամ էլ Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է տորպեդահարել խաղաղ գործընթացը»։

Բացի այդ, կարծում է Բայրամովը, «որոշ երրորդ կողմերի դերը Հայաստանի ռևանշիստական վարքագիծը հրահրելու գործում խիստ մտահոգիչ է, քանի որ այն խրախուսում է նրան մեծացնել ռազմական սադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը»։

«Ադրբեջանի մոտեցումը հստակ է, հետևողական և հիմնված է միջազգային իրավունքի վրա: Կողմերը պետք է շտապ համաձայնեցնեն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, որը հիմք կդնի միջպետական հարաբերություններին: Այս փաստաթուղթը երաշխավորում է երկու հավասար ինքնիշխան պետությունների իրավունքները և հիմք է հանդիսանում բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է նախարարը։

Բայրամովը նաև միջազգային հանրության առաջ հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունների կատարումից»և  Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ համաշխարհային հանրությունը, ներառյալ ԵԱՀԿ-ն, «պետք է համոզեն Հայաստանին հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու փորձերից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում