Ադրբեջանից պահանջեք անհապաղ դուրս բերել իր ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Մարգարյանը՝ ՄԱԿ ԱԽ-ում

Ադրբեջանից պահանջեք անհապաղ դուրս բերել իր ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Մարգարյանը՝ ՄԱԿ ԱԽ-ում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում հորդորեց ՄԱԿ-ին տեր կանգնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը՝ պահանջելով Ադրբեջանից անպահաղ դուրս բերելու իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարգարյանն իր ելույթում ասաց. «Մենք դիմում ենք Խորհրդին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն տեր կանգնելու իր պատասխանատվությանը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Ադրբեջանը դեռ պետք է պահպանի իր մարդասիրական պարտավորությունները՝ հայ ռազմագերիների նկատմամբ, բարեխղճորեն պարտավորվի պահպանել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը…»:

Ապա ներկայացուցիչը հավելեց՝ Հայաստանը խստորեն հորդորում է Անվտանգության խորհրդի անդամներին ներգրավված լինել այդ հարցով և  հրատապ նիստի արդյունքում շոշափելի արդյունքների հասնել.

- Խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան

-Պահանջելով անհապաղ դուրս բերել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

- Պահանջելով զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից, ամբողջութամբ  կատարել իր միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը և եռակողմ հայտարարությունները

- Կոչ անելով խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում և դրա հետ կապված հարցերի, նաև կարգավիճակի վերաբերյալ

-Կոչ անելով բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակել և հայրենիք վերադարձնել՝  շեշտելով, որ հակառակը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում