ՔԿՀ-ներում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման նոր կարգ

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու դրանով իսկ ՔԿՀ-ներում թափանցիկ և հաշվետու գործելաոճի երաշխավորումը:
Կարգի առնչությամբ դիտորդների խումբը բարձրացրել էր մի շարք մտահոգություններ, որոնք, ըստ խմբի, խոչընդոտ էին հանդիսանում խմբի գործունեության արդյունավետության համար:
Նոր կարգով հստակեցվել են դիտորդների խմբի գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներ և տրվել նոր լուծումներ: Ի թիվս այլնի՝
ընդլայնվել է դիտորդների խմբի անդամ դառնալու հավակնություն ունեցող անձանց շրջանակը (Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց), ներդրվել է փորձնակի ինստիտուտը:
Փորձնակն ընդգրկվում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Այս ժամանակահատվածը թույլ կտա Դիտորդների խմբին գնահատել փորձնակի կարողությունները՝ որպես Դիտորդների խմբի պոտենցիալ անդամի թեկնածու՝ հետագայում նրան հնարավորություն տալով դառնալ անդամ:
Ընդլայնվել է նաև դիտորդների խմբի անդամ դառնալու հավանականություն ունեցող անձանց շրջանակը:
Կրճատվել են խմբի կողմից ներկայացված հաշվետվությունների դեպքում Արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մեկնաբանությունների ժամկետները, ինչը թույլ կտա չկորցնել բարձրացվող խնդիրների ակտուալությունն ու հետամուտ լինել կարճ ժամկետում դրանց լուծմանը:
Կարծիքներ