ITPP ծրագիրը նոր թափ կտա ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Արմեն Գրիգորյան

ITPP ծրագիրը նոր թափ կտա ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում:

 

ԱԽ քարտուղարի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

 

«Հարգելի՛ պարոն նախագահող,

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Հարգարժա՛ն պառլամենտականներ,

 

Սիրելի՛ գործընկերներ և ընկերներ,

 

Մեծ պատիվ է ելույթով հանդես գալ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում: Թույլ տվեք ելույթս սկսել՝ արտահայտելով Հայաստանի երախտագիտությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում: Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև այն կանխելու համար:

 

Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել: Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել: Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը:

 

Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս է: Նմանատիպ ծրագրերի իրականացումն անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման հարցում:

 

Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը:

 

Տիկնայք և պարոնայք,

 

Ընդհանրապես, մենք խորը համոզմունք ունենք, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինքնիշխանության և անկախության շարունակական զարգացման լավագույն պայմաններն ապահովում է խաղաղությունը: Հենց այս համոզմունքն ու 2021 թվականին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատը նպաստել են այսօրվա միջավայրի ձևավորմանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ:

 

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների թափանցիկության, հակահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) աջակցությամբ Հայաստանը իրականցնում է լայնամաշտաբ բարեփոխումներ ռազմական կրթության ոլորտում։ Հարկ է նշել, որ Հայաստանն ավելացրել է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում՝ Կոսովոյում (KFOR), որն ընդգծում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ցանկանում ենք «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիրը» (ITPP) հնարավորինս արագ վերջնականացնել և անցնել իրագործմանը՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններին նոր թափ տալու նպատակով:

 

Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից մեկը: Դեռևս 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդը հաստատել է «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Հայաստանը դիմակայունությունը դիտարկում է որպես համակառավարական և համահասարակական կարողություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրից բխող ռիսկերին դիմագրավելու նպատակով: Առաջնորդվելով նաև Համապարփակի վերաբերյալ հայտնի ուղենիշներով՝ Հայաստանը իր «Համապարփակ անվտանգության» տեսլականով ձգտում է ամրապնդել քաղաքացիական պատրաստվածությունը և ապահովել ներգրավվածությունը, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը:

 

Համապարփակ անվտանգության տեսլականի ձևավորման հիմք է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: Հետաքրքիր է, որ համապարփակ անվտանգության գաղափարը սկզբից ակտիվ քննարկվել է հանրային մակարդակում՝ մասնագիտական համայնքի կողմից: Արդյունքում Կառավարությունն արձագանքել է հանրային պահանջին և որդեգրել համապարփակ անվտանգության տեսլականը: Ի դեպ, մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործիք, իսկ կոռուպցիան՝ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:

 

Ներկայումս աշխատում ենք «Համապարփակ անվտանգության» տեսլականի գործողությունների պլանի ձևավորման և իրագործման վրա՝ խորհրդակցություններ սկսելով ԵՄ-ի հետ, որպեսզի վերջինս աջակցի Համապարփակ անվտանգության իրագործման աշխատանքներում: Վերոնշյալի շրջանակներում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման պատրաստակամության համար:

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն այս սեմինարին ելույթ ունենալու հնարավորության համար։ Եկեք համատեղ շարունակենք մեր աշխատանքը՝ հանուն խաղաղության և անվտանգության՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում