Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան

The «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել, որ ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։
Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ։
Ակնհայտ է, որ ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու Կառավարության ջանքերին հակազդելու համար։
Հնարավոր է՝ իրական են երկու տարբերակները միաժամանակ։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս գրման պարտադիր համակարգի ներդրումը ծայրահեղ անհրաժեշտություն է, որպեսզի ցանկացած բուժառուի դուրս գրվող ցանկացած դեղ, նրա ներմուծողը, նշանակող բժիշկը, նշանակման հիմնավորվածությունը լինեն հետագծելի և անփոփոխելի։ Նման համակարգի գոյությունը եթե ոչ անհնար, ծայրահեղ դժվար կդարձնի դեղերի ապօրինի ներկրման և բուժառուներին չհիմնավորված նշանակումներ անելու ցանկացած հնարավորություն»,- գրել է Բաղդասարյանը։
Կարծիքներ