Ալիևը ոչ կոռեկտ է համարել Մակրոնի հայտարարությունները

Ադրբեջանը կտրականապես դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Բաքվին մեղադրել է Հայաստանի դեմ ագրեսիայի մեջ և հայտարարել, որ զինադադար հաստատելու գործընթացում «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»։ Այս մասին, ըստ ife.ru-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Պրահայում կայացած հանդիպումից բառացիորեն մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ արեց։ Դրանցում նա Ադրբեջանին մեղադրել է սարսափելի պատերազմ վարելու մեջ, հետևաբար, փաստերը շահարկելով, փորձել է մոլորության մեջ գցել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը»,- ասել է նա։
Ալիեւը նաեւ ոչ կոռեկտ է համարել Մակրոնի «տենդենցիոզ հայտարարությունները» Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի ներդրման մասին։
Նա ընդգծել է, որ Բաքուն «կտրականապես դատապարտում և մերժում է» նման հայտարարությունները։ Ալիեւը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարության նման մոտեցմամբ ինքը չի տեսնում որեւէ հնարավորություն, որ Փարիզը «որեւէ դեր կարող է խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»։
Հիշեցնենք՝ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու, «Ադրբեջանի խաղը խաղալու» համար:
Կարծիքներ