Եթե ուղևորը հրաժարվի նույնականացվելուց, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին․ մանրամասներ

Ազգային ժողովի արտահերթ նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե վերոնշյալ նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել:
Ռուբինյանը պարզաբանեց՝ զննություն անցկացնելու իրավունքը ոչ թե հսկիչներինն է, այլ ոստիկանինը:
«Ըստ նախագծի՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնել: Այսինքն՝ ի՞նչ է անում հսկիչը. նախ ստուգում է՝ տոմս ունի՞, թե՞ չէ, վճարե՞լ է, թե՞ չէ: Ենթադրենք՝ չի վճարել, ասում է՝ անձնագիրը տվեք, որ ձեզ տուգանեմ: Ասում է՝ անձնագիր չունեմ: Ասում է՝ անձնագրի տվյալ կարող եք տալ: Ասում է՝ ասենք, չունեմ, հնարավորություն է տրվում լուսանկարով նույնականացնել, չգիտեմ՝ ոնց է արվում, բայց, լավ, ենթադրենք, որ դա էլ չի ստացվում, և մարդը հրաժարվում է նույնականացվել, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին, ինչը, այսպես թե այնպես, ոստիկանն ունի այդ իրավունքը՝ մարդուն նույնականացնելու:
Օրինակ՝ եթե մարդը հրաժարվում է ասել անուն-ազգանուն, տվյալ և այլն, ապա հիմա էլ փողոցում ոստիկանը կարող է մոտենալ մարդուն, եթե հիմք ունի, կասկած ունի, տանի բաժին՝ նույնականացնելու: Այսինքն՝ ձեր ասածը սուտ է: Հսկիչն է դիմում ոստիկանին, ոստիկանն իր գործողությունն իրականացնում է:
Այլ կերպ ասած, պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու, սուտ է»,- ասաց Ռուբինյանը։
Կարծիքներ