Սպիտակ տունը մի շարք ամերիկյան ընկերությունների արգելել է տեխնոլոգիաներ վաճառել Չինաստանին

Սպիտակ տունը մի շարք ամերիկյան ընկերությունների արգելել է տեխնոլոգիաներ վաճառել Չինաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշ ամերիկյան ընկերությունների արգելել է ռազմավարական նշանակության ապրանքներ վաճառել Չինաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Առևտրի նախարարության պաշտոնյայի։

Գերատեսչության խոսնակներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ առանձին դեպքերում առևտրի նախարարությունը «կասեցրել է արտահանման գործող լիցենզիաները կամ լրացուցիչ լիցենզավորման պահանջներ է սահմանել գործի քննարկման ժամանակ»։

Իր հերթին Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը կիսահաղորդիչների մշակման համար ծրագրային ապահովում առաջարկող ամերիկյան ընկերություններից պահանջել է դադարեցնել ծառայությունների վաճառքը չինական ընկերություններին։

Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրամայել է «այսպես կոչված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբերին, որոնց թվում են Cadence, Synopsys և Siemens EDA ընկերությունները, դադարեցնել տեխնոլոգիաների մատակարարումները Չինաստանին»։

Հրատարակության զրուցակիցների խոսքով, առևտրի նախարարության ստորաբաժանումը՝ արդյունաբերության և անվտանգության բյուրոն, նամակների տեսքով հրահանգ է ուղարկել համապատասխան ընկերություններին։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր չինացի ուսանողների վիզաները չեղարկելու մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում