Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար լիցենզիոն տուրք կսահմանվի. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար լիցենզիոն տուրք կսահմանվի. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվել է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերրոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ և հավաստագրեր տրամադրելու համար՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ:

««Առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խթանյութերի, ֆերոմոլիբդենի և հարակից այլ ապրանքների համար: Առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում կատարվել են տեխնիկական շտկումներ»,- իր ելույթում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ ավելացրեց. «Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալու այսպիսի գների պարագայում տարեկան հավաքագրել մինչև 75 միլիարդ դրամ գումար: Սրան զուգահեռ նաև զարգացվել ու քննարկվել են տարբեր գաղափարներ, թե այդ գումարներն ինչ եղանակով են ծախսվելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում