Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան

Իրականում ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է իր ուզածը:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Եթե ձեզ անկեղծ թվում է, թե Ադրբեջանն էդ 2 գյուղատեղիի համար շատ լուրջ բան ուներ, սխալվում եք, Ադրբեջանն էդտեղ կորցրել է իր համար շատ կարևոր մի բան: Ադրբեջանը կորցրել է իր ընկալմամբ, լեգիտիմորեն էսկալացիա սկսելու հնարավորություն հենց կոնկրետ այդ տարածքում, որովհետև մինչև սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանն էդ 2, 2,5 գյուղատեղիի հատվածը բոլոր միջազգային կառույցներում օգտագործում էր որպես հայերի կողմից բնակավայրի օկուպացիայի փաստ, տանում, նկարները ցույց էր տալիս, ասում էր մեր պապերի գյուղն է, հայերը չեն տալիս և ինչ-որ պահի փորձելու էր էնպես անի, որ էսկալացիայի գնա»,- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ մշտապես բարձրաձայնվում է, որ Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանական օկուպացիայի ենթարկված տարածքներ կան, որոնց հարցը պետք է լուծվի հենց սահմանազատման և սահմանագծման միջոցով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է էսկալացնել իրավիճակը:
«Սահմանային այս անկանոն կրակոցները ևս դրա փաստումն են, բայց այստեղ առավել քան ակնհայտ է՝ ինչ պետք է անենք մենք: Մենք պետք է շարունակենք քայլել նույն ուղղությամբ: Այս պահին, որքան ես եմ հասկանում, Ադրբեջանն էնքան էլ արագ չի փորձում արձագանքել գործընթացներին: Ինչքան իրենք փորձեն էսկալացնել, էնքան մենք պետք է կրկնակի ու քառակի դրանից ավել դեէսկալացնել իրավիճակը, ինչքան իրենք փորձեն սադրել հնարավորինս, մենք պետք է սառնասիրտ լինենք, ոչ թե էն տարատեսակ ընդդիմադիր ակտիվիստների, գործիչների տաք գլուխ արտահայտությունների վրա բաներ անենք, որոնք ուղղակի կնպաստեն իրավիճակի էսկալացման ադրբեջանական ջանքերին»,- ասաց Ալեքսանյանը:
Կարծիքներ