Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե որ դեպքում կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե որ դեպքում կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վերահաստատել է Բաքվի հետ խաղաղության շուրջ համաձայնեցված համաձայնագիրը կնքելու Երևանի պատրաստակամությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է «Երևանյան երկխոսություն›› համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ՝ հայաստանյան և արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: 

Վարչապետը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, և Հայաստանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել համաձայնեցված համաձայնագրի տեքստը: 

«Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապակցում է երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք»,-նշեց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալիորեն, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան»: 

«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին և նույն վայրում»,-ասաց վարչապետ Փաշինյանը: 

Վարչապետի բնորոշմամբ՝ Ադրբեջանի կողմից բարձրացվող հաջորդ խնդիրը կապված է ՀՀ Սահմանադրության դրույթների հետ. ադրբեջանական կողմը պնդում է, թե այն իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին:  

«Ընդհանուր առմամբ պարզ է, որ կողմերը միմյանց նկատմամբ պետք է որևէ տարածքային պահանջ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ միակ կառույցը, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե ինչ է պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Փաշինյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է:  

Վարչապետը ներկայացրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ վերը նշված կանոնակարգը և դրա հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: 

Վարչապետը պարզաբանեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականին նախկին ԽՍՀՄ 11 հանրապետությունների կողմից, հիմնականում ունի 2 իմաստ. «Այն է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և ստորագրող կողմերը դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը և այլն: Ուստի Հայաստանի Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, որը նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, քանի որ այդ հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի տարածքները»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում նաև հավելեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի տեքստում արդեն իսկ գոյություն ունի դրույթ, որի համաձայն՝ կողմերը հաստատում են, որ նախկին Խորհրդային ադմինիստրատիվ սահմանները դառնում են համապատասխան միջազգային սահմաններ անդամ պետությունների միջև, ինչը ճանաչվում է կողմերի կողմից: 

ՀՀ վարչապետը հավելեց, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ: Վարչապետի խոսքով՝ համաձայնագրում կա նաև կետ, ըստ որի՝ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել ու չկատարել պայմանագրի դրույթները: 

«Այս նրբությունները շատ կարևոր են, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք ուղարկել այն Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգենք դրա համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե վերջինս որոշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը... մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ Սահմանադրական դատարանը կարող է այդպիսի բան որոշել, բայց եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում Սահմանադրությանն, ապա մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել. այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանն, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ փաստաթուղթը վավերացնել Ազգային ժողովում, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում»,-ներկայացրեց Հայաստանի վարչապետը:   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում