Զելենսկին վախենում է, որ ԱՄՆ-ը միտումնավոր ուռճացնում է Ուկրաինային սպառնացող վտանգը

Զելենսկին վախենում է, որ ԱՄՆ-ը միտումնավոր ուռճացնում է Ուկրաինային սպառնացող վտանգը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ ԱՄՆ վարչակազմը կարող է միտումնավոր ուռճացնել իր երկիր ռուսական ներխուժման ենթադրյալ սպառնալիքը, քանի որ դա Վաշինգտոնի համար կհեշտացնի ապագայում Մոսկվայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հոդվածը աղբյուրներին հղումով հրապարակված է ամերիկյան Politico թերթում։

«Ըստ մի աղբյուրի, Զելենսկին վախենում է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր ուռճացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը, քանի որ դա քաղաքական տարածք կտա Կրեմլի հետ այնպիսի պայմանագրեր կնքելու համար, որոնք կուժեղացնեն Մոսկվայի վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ։ Բայդենի վարչակազմն արդեն վաղուց հերքում է, որ նման բան քննարկվում է»,- ընդգծում է թերթը։


Զելենսկին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում դժգոհություն է հայտնել Արևմուտքում պատերազմի անխուսափելիության մասին լուրերի սրման առնչությամբ։ «Դա այդպես չէ»,- ասաց նա և ընդգծեց, որ Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի շուրջ խուճապ առաջացնելը շատ թանկ արժե իր երկրի համար։ Ուկրաինայի ղեկավարը սխալ և չափազանցված է անվանել մի շարք երկրների գործողությունները, որոնք տարհանել են իրենց դիվանագետներին կամ նրանց ընտանիքի անդամներին Կիևից և իրավիճակը համեմատել Տիտանիկից թռիչքի հետ։ 

Հինգշաբթի օրը Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Դրանից հետո Վաշինգտոնի վարչակազմը հերքեց լրագրողների այն պնդումները, թե ԱՄՆ նախագահը Ուկրաինայի առաջնորդին ասել է, որ Ուկրաինա ներխուժումը գրեթե անխուսափելի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում