Պաշտոնատար անձանց անվամբ բացված հավելվածներով տարվում է իրականությանը չհամապատասխանող գրագրություն. ԱԱԾ-ն զգոնության կոչ է անում

Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում տարածում են ստացել։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից՝ նշելով.
«Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»։
Ավելի վաղ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։
«Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»,- գրել էր նախարարը։
Կարծիքներ