7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում

7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում

Արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագիրքը։ Դասագիրքը հանրակրթական պետական չափորոշիչներով ներդրվել է դպրոցներում այս ուսումնական տարվա մեկնարկից, սակայն կրքերը նոր դասագրքի շուրջ մինչ օրս չեն հանգստանում։

Այս անգամ էլ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» կազմակերպությունն է հրավիրել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկում և հանդես եկել արդյունքների ամփոփմամբ։ Ըստ ՀԿ-ի՝ 19 մասնագետ ստորագրել է հանդիպումից հետո ընդունված եզրակացությունը, որում մի քանի կետերով առանձնացված են դասագրքին վերաբերող հարցեր։

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, պատմության դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ հանդիպման մասին իրենք տեղեկացված չեն եղել: Չնայած սուր քննադատություններին, այնուամենայնիվ, կան կետեր, որոնց հետ խումբը համաձայն է։ Վերջինս, սակայն, չի հասկանում՝ ինչո՞ւ է մեկ անգամ բարձրացված հարցը նորից տարածում գտնում ու դառնում խոսակցությունների առարկա:

«Հանդիպումը առանց մեզ է հրավիրվել, սակայն ծանոթ ենք դիտարկումներին։ Կան որոշ մասնագիտական դիտարկումներ, որոնք հաշվի ենք առնելու և առաջիկայում պատրաստ ենք ներկայացնել մեր պատասխանը։ Բոլոր նոր դասագրքերի հեղինակները պետք է ներդիր պատրաստեն, մեր շտկումները և պատասխանները տեղ կգտնեն այնտեղ։ Շտկումներ կլինեն խնդրահարույց քարտեզի վերաբերյալ, և էլեկտրոնային տարբերակները կհամապատասխանեցվեն»,- ասում է Սողոմոնյանը։

Խնդրահարույց քարտեզը, որի մասին հիշատակում է մասնագետը, կապված է գրքում տեղ գտած Տիգրան Մեծի ժամանակաշրջանին վերաբերող քարտեզի հետ, որտեղ, ըստ դասագիրքը քննադատողների, ԼՂ-ն ընդգրկված է որպես Ադրբեջանի մաս, սակայն դրան ավելի վաղ արձագանքել էր գրքի հեղինակը՝ հայտնելով. «Ուսուցիչներից կամ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք դասագրքի 80-րդ էջի քարտեզի՝ «Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)» վերաբերյալ գրում են, թե «Տիգրան Մեծի ժամանակ ոնց կարող էր քարտեզի վրա լինեին Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս՝ Ադրբեջան»։ Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ հնարավոր է դրանք միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Բացի այդ, կա քարտեզին վերաբերող առանձին առաջադրանք, որը հիմնված է հենց քարտեզի այդ երկակիության վրա»։

Դասագիրքը ստեղծած խումբը համաձայն է միայն տեխնիկական հարցերի շուրջ, սակայն անընդունելի են համարում ՀԿ-ի այն պնդումը, թե պատմության գիրքը պետք է կիրառումից դուրս գա, և բազմաթիվ խնդիրներ ունի։ Մասնավորապես, 19 մասնագետ եկել է նաև այն եզրակացության, որ դասագրքում պատմական իրադարձությունները մակերեսային են ներկայացված, հայ ժողովրդի ծագումնաբանությունն ու պետականության մասին տեղեկատվությունները հավուր պատշաճի չեն նկարագրված:

«Պաթոսով համեմված դասագիրքը չի նշանակում, որ լավ պատմության դասագիրք է, այն գրված է այսօրվա գիտական հանրության ընդունած փաստաթղթերի ու տեսությունների հիման վրա և չի տալիս միստիֆիկացված պատկերացում։ Աշակերտը, սովորելով այդ դասագրքից, կկարողանա շփվել օտարերկրացիների հետ և չհայտնաբերել սխալ փաստեր կամ փաստեր, որոնք գիտականորեն հիմնված չեն։ Նախկին գրքում պարզապես տեքստը դրված էր, ու պետք է անգիր անեին այն, վերարտադրեին նյութը նույնությամբ, իսկ այս նոր դասագիրքը նոր մեթոդներ է առաջարկում, որը աշակերտին թույլ կտա մտածել։ Չի կարող նման բան լինել, որ պատմությունը ներկայացված լինի մակերեսային։ Ստեղծվել է մի դասագիրք, որը որպես կարողություններ ձևավորող դասագիրք առաջին է։ Ցավոք, չի խոսվում այն մեթոդաբանության մասին, որը գիրքը տալիս է ուսուցիչներին»,- պարզաբանում է նա։

Սողոմոնյանի խոսքով՝ նոր դասագրքի վերաբերյալ ուսուցիչների կարծիքների գերակշիռ մասը դրական է, այս առումով տրամաբանական չէ դժգոհությունը, թե դասագիրքը մեծ խնդիրներ է առաջացնում ուսուցիչների համար։ Վերջինս ընդգծում է՝ հարցականի տակ դնել գրքում առկա վարկածները, ճիշտ չէ, քանի որ կարևոր է, որ աշակերտները կարողանան աշխատել տարբեր վարկածների հետ։ Նա վստահեցնում է՝ գիտական առումով դասագիրքը որևէ խնդիր չունի։

Մասնագետը անտրամաբանական է համարում նաև թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա դասագիրքը ստեղծելու մասին խոսակցությունները:

«Հանդիպումների ժամանակ ուսուցիչները մեծ մասամբ գոհ են գրքից, մի դեպք եղավ միայն, երբ մի ուսուցիչ ասաց, թե մեր գրքում տարեթվերը քիչ են, նրա խոսքով՝ դրա հետևանքով չի կարողանում թեստեր կազմել, այսինքն՝ սովորել են թեստերով անգիր արածները ստուգել, այլ ոչ թե զարգացնեն մտածելու կարողությունը, վերլուծությունը աշակերտի մոտ։ Այս առումով սա լավագույն տարբերությունն է ինչ կա հին և նոր դասագրքերի միջև։ Որևէ հիմք չունի, որով կարող են պնդել, թե դասագիրքը գրված է այդ մոդելի հիման վրա։ Այն գրել է ամենահեղինակավոր պատմաբաններից մեկը ու հիմնված է հայկական ու համաշխարհային գիտության վերջին ձեռքբերումների վրա։ Դրանք մերկապարանոց հայտարարություններ են»,- վստահեցնում է զրուցակիցը:

Պատմության դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանն էլ հիշեցնում է՝ դասագիրքը ստեղծել է պ․գ․թ դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը՝ խորհրդակցելով բազմաթիվ խորհրդատուների հետ։ Կարևորում է՝ քիչ մարդ կա, որը պատրաստ է ձեռնամուխ լինել այդ բարդ գործին և փորձել ստեղծել նոր դասագիրք, քննադատելը շատ հեշտ է։ Թե որտեղի՞ց և ի՞նչ նպատակով են սկսվել 7-րդ դասարանի դասագրքի նկատմամբ նմանատիպ խոսակցությունները, Սողոմոնյանը այս կարծիքն ունի․

 

«Մենք՝ որպես շարքային կազմակերպություն, պարզապես ստեղծել ենք գիրքը, բովանդակության հեղինակը մենք ենք, իսկ պետության միջամտությունը կա միայն չափորոշիչների հարցում։ Որևէ դավադրություն չկա, և որևէ մեկը չի կարող ընկնել այդ դավադրության մեջ։ Մեզ չեն թելադրել՝ ինչ գրենք, ինչը՝ ոչ։ Քննադատողներին թելադրե՞լ են. բավականին տարօրինակ է այդ փաստը, քանի որ ռացիոնալ կարծիքներին հեղինակը արդեն անդրադարձել է, և նորից նստել քննարկել ու ինչ-որ արդյունքներ հրապարակելը, ստատուսների մակարդակով հարց բարձրաձայնելը իմաստ չունի: Գուցե որոշ մարդկանց համար կարևորություն կա, որ այս հարցը տարբեր հարթակներով տարածում են»։