Ճապոնիայի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
«Առաջնորդները հաստատել են, որ խոր մտահոգությամբ են հետևում Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակին, և այս հարցում աջակցություն են հայտնել ադ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ նախկինում գնված հեղուկ բնական գազի (LNG) մի մասը ԵՄ երկրներ ուղարկելու համար, որոնք այս վառելիքի կարիքն ունեն։ Ի պատասխան՝ վարչապետ Կիսիդան նշել է, որ իր երկիրը կիսում է ավելցուկային LNG-ը՝ «համերաշխություն ցույց տալու գործընկերների հետ, ովքեր ընդհանուր արժեքներ ունեն»: Կողմերը հաստատել են, որ մտադիր են շարունակել համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում։
Երեքշաբթի ավելի ուշ Ճապոնիայի վարչապետը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Կարծիքներ