Վահրամ Դումանյանը հանդիպել է Թամարա Գվերդծիթելիի հետ

«Այսօր հանդիպում եմ ունեցել հանրահայտ երգչուհի, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելիի հետ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացրած «SKYFIST STUDIO» պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը:
«Հանդիպման ընթացքում կարևորել եմ մեր տարածաշրջանում առաջին անգամ կյանքի կոչված նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել մյուզիքլի գլխավոր դերակատար Թամարա Գվերդծիթելիին ու բոլոր կազմակերպիչներին:
Առանձնահատուկ ընդգծել եմ նաև կրթության ու մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման, աշխարհում համընդհանուր խաղաղության հասնելու գործում՝ այդ համատեքստում որպես անհրաժեշտություն դիտարկելով վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի և փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
Թամարա Գվերդծիթելին, ում երգացանկում առկա են նաև հայկական երգեր, համակարծիք է եղել հնչած դիրքորոշման հետ և հավաստել, որ իր հնարավորությունների սահմանում կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքներին, փորձերին և հաջողված բեմականացմանը: Թամարա Գվերդծիթելին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը»,-գրել է Դումանյանը:
Կարծիքներ