Սպիտակ տունը առաջարկում է 2026-ին կրճատել NASA-ի բյուջեն գրեթե մեկ քառորդով

Սպիտակ տունը առաջարկում է 2026-ին կրճատել NASA-ի բյուջեն գրեթե մեկ քառորդով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում է 2026 ֆինանսական տարում մոտ 24,3 տոկոսով կրճատել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ NASA-ի բյուջեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Սպիտակ տան հրապարակած դաշնային բյուջեի նախագծում։

Ըստ ներկայացված նախագծի՝ Սպիտակ տունը ցանկանում է, որ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ ֆինանսական տարում NASA-ին հատկացնի 18,8 միլիարդ դոլար։ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 24,8 միլիարդ դոլար, ինչն իրականում նշանակում է բյուջեի մոտ մեկ քառորդով կրճատում։

Կրճատումները կվերաբերեն NASA-ի գործունեության գրեթե բոլոր հիմնական ուղղություններին, այդ թվում՝ Միջազգային տիեզերակայանի ծրագրերին։ Վերջինիս համար նախատեսված հատկացումները կրճատվելու են 508 միլիոն դոլարով։ Վերանայման կենթարկվեն նաև մի շարք գիտական նախագծեր, որոնք կապված չեն մարդատար տիեզերագնացության հետ։ Այդ ծրագրերից է նաև Մարսից ապարների նմուշների հավաքման և Երկիր վերադարձի նախաձեռնությունը։

Միևնույն ժամանակ, պիլոտային տիեզերական ծրագրերի համար նախատեսվում է բյուջեն ավելացնել շուրջ 647 միլիոն դոլարով։

Սպիտակ տունը նշում է, որ առաջնային նպատակներից է Չինաստանից առաջ Լուսին վերադառնալը, ինչպես նաև Մարսի վրա մարդու վայրէջքի ապահովումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում