ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Սիրիա մարդասիրական օգնության առաքումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և նրա հետ քննարկել Սիրիա մարդասիրական օգնության առաքման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով, Բլինկենը քննարկել է «Սիրիայում մարդասիրական օգնության հասանելիությունը հեշտացնելու հրատապ անհրաժեշտությունը, որպեսզի ՄԱԿ-ը և մարդասիրական կազմակերպությունները կարողանան օգնություն տրամադրել փետրվարի 6-ի երկրաշարժից տուժածներին կյանքեր փրկելու համար»:
Բլինկենը, ըստ հայտարարության, ընդգծել է սիրիական կառավարության կողմից մարդասիրական նպատակներով Բաբ ալ-Սալամ և Ալ-Ռայի անցակետերը բացելու անհրաժեշտությունը, «այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ»:
«Գլխավոր քարտուղարը համաձայնել է շարունակել կապ պահպանել այդ հարցերի շուրջ»,- ասվում է տեքստում։
Կարծիքներ