Կաթողիկոսի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին

Կաթողիկոսի եղբայրը՝ ՌԴ-ից ժամանած Եզրասը և մի խումբ հոգևորականներ գնացել են դատարանի բակ՝ աջակցելու գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել:
Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։
Կարծիքներ