Ըստ The Insider-ի՝ ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Փաշինյանի դեմ

Ըստ The Insider-ի՝ ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Փաշինյանի դեմ

Կրեմլամետ «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է The Insider-ը։ Բոտերը տեղեկություններ են տարածում՝ Փաշինյանին վերագրելով «Մերձավոր Արևելքում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը»,  «Հայոց ցեղասպանությունը ուրանալը», «ուժեղ տրանկվիլիզատորներ ընդունելը»։ Տեղեկությունները The Insider-ին փոխանցել է X սոցիալական կայքի ռուսական տրոլերի գործարանների հետազոտողը («Блокировщик ботов»)։ «Մատրյոշկա» բոտերը հունիսի 12-ից հրապարակում են Փաշինյանին քննադատող գրառումներ: Փաշինյանի կառավարությունը քննադատող տեսանյութեր են հայտնվել Twitter-ում և TikTok-ում:Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Դրանցից մի քանիսը «քողարկված» են որպես խոշոր լրատվամիջոցների տեսանյութեր, ինչպիսիք են Euronews-ը կամ France 24-ը, իսկ մյուսները՝ աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորների հետ հարցազրույցներ: The Insider-ի կողմից ուսումնասիրված տեսանյութերի մեծ մասը նվիրված է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության առնչվող հարցերի ենթադրյալ լռեցմանը երկրի ներկայիս ղեկավարության կողմից: Այդ տեսանյութերից մեկում Կանադայի Մաունթ Ալիսոն համալսարանի պրոֆեսոր Ջոշ Կյուրեկը, իբր, ասում է, որ ցնցված է եղել իր հայ ուսանողների պատմություններից ցեղասպանությունը թաքցնելու մասին։«Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները գրեթե չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ որպես 20-րդ դարի սկզբի ամենաողբերգական և կարևոր իրադարձություններից մեկի», – ասում է Կյուրեկը կադրից դուրս:

Այնինչ համալսարանի սոցիալական ցանցերից վերցվել են տեսանյութի միայն առաջին հինգ վայրկյանները։ 2024 թվականի հոկտեմբերին հրապարակված տեսանյութում Կյուրեկն իրականում խոսում է էկոլոգիայում ջրհավաք ավազանների հայեցակարգից։ Լրատվամիջոցն արձանագրում է, որ  20-րդ դարի սկզբի ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ Հայաստանի իշխանություններին վերաբերող պնդումներն ամբողջովին ճիշտ չեն: Հունվարին և մարտին Փաշինյանն իսկապես մի շարք հայտարարություններ արել է, որոնք խիստ քննադատության են ենթարկվել ողբերգությունը հիշելու կարևորությունը նվազեցնելու համատեքստում: Մասնավորապես, նա հարց է բարձրացրել ․«Ինչպե՞ս պատահեց, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում չէր և ինչպե՞ս պատահեց, որ Հայոց ցեղասպանության հարցն օրակարդում հայտնվեց 1950 թվականին: Ինչպե՞ս դա պատահեց»: «Մենք պետք է վերանայենք Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել և ում միջոցով ենք մենք ընկալել իրադարձությունները», – ասել էր ՀՀ վարչապետը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում