Առաջընթաց չկա, որովհետև Բաքվում հայտարարում են, թե ՀՀ-ի հարավը, արևելքը, մայրաքաղաքն անգամ ադրբեջանական հող է. վարչապետ

Առաջընթաց չկա, որովհետև Բաքվում հայտարարում են, թե ՀՀ-ի հարավը, արևելքը, մայրաքաղաքն անգամ ադրբեջանական հող է. վարչապետ

«Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները»։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում:

Շարունակելով, նա նշել է, որ այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չկա, քանի որ դրա պատճառը շատ պարզ է. Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

«Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։

Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար», - ասել է ՀՀ վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում