Ղազինյան Արթուրը սրտնեղեց՝ լսելով «FreeNews» անունը

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արթուր Ղազինյանին անգլերեն free, իսկ թարգմանաբար՝ ազատ նշանակող բառը, հավանաբար, դուր չի գալիս, քանզի այլ կերպ հնարավոր չէ բացատրել վերջինիս վարքագիծը, ավելի կոնկրետ՝ բարկությունը «FreeNews» լրատվամիջոցի անունը լսելուց հետո:
Մի քանի օր է արդեն մամուլը գրում է, որ Ղազինյանը պատրաստվում է առաջիկայում դուրս գալ խմբակցությունից և վայր դնել պատգամավորական մանդատը:
Շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով՝ զանգահարեցինք պատգամավորին՝ լուրի հերքում կամ հաստատում լսելու, իսկ հաստատման դեպքում՝ նման քայլի դիմելու պատճառը հարցնելու համար:
Մինչդեռ Ղազինյան Արթուրը լսելով, թե որ լրատվամիջոցից են իրեն զանգահարում և ուղղում «պարո′ն Ղազինյան, որքանո՞վ են շրջանառվող այդ լուրերը համապատասխանում իրականությանը» պարզ հարցը՝ շատ կտրուկ և բարկացած տոնով պատասխանեց.
-Չեմ մեկնաբանում:
Երբ կրկնեցինք հարցը և տեղեկացրինք նաև, որ այդ լուրը գրելու համար, մասնագիտական էթիկայի կանոնների համաձայն՝ պետք է պաշտոնական պարզաբանում ստանանք նաև լուրի «հերոսից», Ղազինյանը սրտնեղեց.
-Լսեք տիկի′ն, ես ասեցի արդեն՝ ձեր ասած ոչ մի բանը չեմ մեկնաբանում, ես դրա իրավունքն ունեմ:
-Իհարկե ունեք, պարո′ն Ղազինյան,- արձագանքեցի նրան ու միաժամանակ հետաքրքրվեցի.
-Ինչ-որ խնդիր ունե՞ք «FreeNews»-ի հետ, բան է պատահե՞լ.
-Տիկի′ն, լավ չեք հասկանո՞ւմ, պարզ չեմ ասո՞ւմ,- իր հերթին հարցրեց նա:
- Միանգամայն հասկանում ենք, պարո′ն Ղազինյան, մի բարկացեք այդքան:
-Հաջողություն,- մաղթեց մեզ նա ու անջատեց հեռախոսը:
Այսքանից հետո այլ բան չի մնում անելու, քան սպասելը՝ տեսնելու Ղազինյան Արթուրը, ըստ շրջանառվող վերոնշյալ լուրերի, հրաժարվելո՞ւ է այդ մանդատից, թե՞ ոչ:
Կարծիքներ