Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է առաջիկա օրերին Ռուսաստան այցելելու և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու իր մտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է The Times-ը, որին Ուոլեսը մեկնաբանել է.

«Ես ուզում եմ, որ ռուսները հասկանան, որ ուկրաինացիները կռվելու են, իսկ Ռուսաստանը վտանգում է իր տնտեսությունը և որ դա այն ժառանգությունը չէ, որը նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար թողնել սերունդների հիշողության մեջ։ Հնարավորություն կա, որ այս ամենը կարելի է դադարեցնել, բայց ես լավատես չեմ»։

Ուոլեսը նաև ասել է, որ Ուկրաինայի շուրջ աճող լարվածության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ի հետ համաձայնության գալով, անշուշտ, կարող է մայրցամաքում ավելի շատ ցամաքային, ծովային և օդային ուժեր տեղակայել։ Ինչպես նշում է The Times-ը, քննարկվող տարբերակներից մեկը բրիտանական ֆրեգատ ուղարկելն է Սեւ ծով։ Ավելի վաղ The Daily Telegraph-ը, հղում անելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը դիտարկում են Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա 1000-ական զինծառայող ուղարկելու հարցը։

 

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում