Զելենսկին հայտնել է Թրամփի հետ առաջիկա հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
Նախագահի խոսքով՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։
«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման մասին նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել», - գրել է Զելենսկին։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։
Դեկտեմբերի 24-ին Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետերը։


Կարծիքներ