ԱԺ-ում ներկայացվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրվող միջոցները և ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գրասենյակին կտրամադրվի շուրջ 578 մլն 945 հազար դրամ: Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 մլն 619 հազար դրամ, իսկ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրին՝ 204 մլն 325 հազար դրամ:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը կիրականացվի 4 փուլով՝ մինչեւ 400 հոգու մասնակցությամբ: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառման իրականացման համար կտրամադրվի 11 մլն 806 հազար դրամ: ՀՀ և Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրին կուղղվի 123 մլն 872 հազար դրամ: Հայաստան-Սփյուռք գործակցության իրազեկման ծրագրով կտրամադրվի 60 մլն դրամ:
Կիրականացվի «Աշխատանք Սփյուռքի համայնքներում» ծրագիրը: Սփյուռքի ավելի քան 24 համայնքներ կկազմակերպվեն այցելություններ: Միջոցառման իրականացման համար բյուջեից կտրվի 51 մլն 45 հազար դրամ:
Զարեհ Սինանյանի խոսքերով՝ հայրենադարձության ինտեգրման նպատակով մեկ պատուհանի սկզբունքն է գործելու՝ ինտեգրումը դյուրին դարձնելու համար: Միջոցառումն իրականացվում է «Հրայր Հովնանյան» հիմնադրամի մասնակցությամբ: Նախատեսվում է տրամադրել 34 մլն 245 հազար դրամ:
Կարծիքներ