Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում շարունակում է անդրադառնալ Լևոն Թոքմաջյանի՝ Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին:

 

«…Եվ լեղապատառ մայրերը հայոց
Զո՜ւր են մրմնջում աղոթքը կերկեր,
Համըր Տիրամոր նիհար ծնկներին
Իզո՜ւր են այդպես աղերսով փարում.
Եթե ունենար
Որևէ հնար՝
Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր,
Մինչդեռ քիչ հետո ինքն է դառնալու
Պիղծ հանաքների,
Կեռ դանակների
Եվ ա՛յն հրդեհի չար կրակին կեր,
Որ նորից հիմա
Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պես ճարակում:
Տարաբախտ երկրի
Եվ աստծուց թափուր երկնի արանքում,
Իբրև ամոթի ծանըր վարագույր,
Փռվում էր ծուխը,
Եվ ճենճահոտը օդի շերտերն էր այնպես վարակում,
Որ - անժամանա՜կ -
Կռունկներն անգամ թողին-չվեցին
Եվ ուր թևեցին՝
Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած
Հայ մանչուկների խմբերի նման՝
Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝
Անվերջ կվվեցին,
Անլուր աշխարհին իմաց տվեցին,
Որ հայոց երկրի ձորերում անտակ,
Կիրճերում խորունկ...
Ա՛խ, էլ ի՜նչ Կռունկ,
Երբ հիմա վառման թոնիր էր դարձել
Թոնիրի երկիր Հայաստանն ինքը,
Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես
Հայոց երկինքը...

 

Հատված Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից

 

Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։

 

Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր եւ բովանդակային արձագանքողներին։

 

Կրթվելը նորաձեւ է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։

 

Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ եւ բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, եւ թե գրառոումներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»,- գրել է Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ տիկին Հակոբյանն իր մեկ այլ անդրադարձում ի թիվս այլ արձանագրումների, նաև գրել էր.

 

«Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում և այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։

 

Դրա համար էլ Լևոն Թոքմանջյանն է քանդակագործը, իսկ մենք ամենքս մեր գործին ենք և կարծես թե արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում