Վարդան Ղուկասյանի վերաբերյալ «կաշառքի գործը» Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Գյումրիի համայնքապետ Վարդան Կոլյայի Ղուկասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: Սևակ Գոմցյանը Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ, կառուցել է շուրջ 3079.5 քմ մակերեսով առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության շինություն, որից հետո ձեռնամուխ է եղել դրա օրինականացման գործընթացը կազմակերպելուն։
Սևակ Գոմցյանը, հաստատապես տեղյակ լինելով ինքնակամ կառույցն օրինականացնելու իրավաչափ հիմքերի բացակայության մասին, որոշել է այն իրականացնել ոչ օրինական ճանապարհով և այդ կերպ ինքնակամ կառուցված հիշյալ շինությունն օրինականացնելու հարցը լուծելու համար դիմել է Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին և վերջինիս միջոցով Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին։
Վարդան Ղուկասյանը և Հենրիկ Գասպարյանը, տեղյակ լինելով Սևակ Գոմցյանին պատկանող ինքնակամ կառույցն օրինականացնելու իրավաչափ հիմքերի բացակայության և ինքնակամ կառույցի քանդման անհրաժեշտության մասին, որոշել են Սևակ Գոմցյանի օգտին ապօրինի գործողության, թողտվության և հովանավորչության համար, կաշառք գումարի դիմաց իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական տեսք տալ Սևակ Գոմցյանի Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ, կառուցված շուրջ 3079.5 քմ մակերեսով առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցին:
Ի կատարումն նշված համաձայնության, 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի իր աշխատասենյակում Հենրիկ Գասպարյանին հանձնարարել է բանակցություն վարել Սևակ Գոմցյանի հետ, վերջինիս մոտ ստեղծել նրան «օգնելու»՝ ինքնակամ կառույցն ապամոնտաժելու համար ծախսվելիք ֆինանսական բեռը թեթևացնելու ցանկություն ունենալու տպավորություն, այդ կերպ նրա մոտ առաջացնել իրենց «վարձահատույց» լինելու՝ կաշառք տալու վճռականություն, և ինքնակամ կառույցն իրականում չապամոնտաժելու և բովանդակությամբ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր կազմելու միջոցով նախկինում ինքնակամ կառուցված և փաստացի չապամոնտաժված շինությունը որպես օրենքով սահմանված կարգով նոր կառուցված օրինական շինություն ներկայացնելու համար Սևակ Գոմցյանից պահանջել 10․000 (տասը հազար) ԱՄՆ դոլար կաշառք։
Հենրիկ Գասպարյանը, գործելով Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, սկսել է բանակցություններ վարել Սևակ Գոմցյանի հետ, վերջինիս հայտնել է նրա օգտին Վարդան Ղուկասյանի և իր կողմից վերոգրյալ գործողությունները կատարելու պատրաստակամության մասին և նշված գործողություններն իրականացնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 5-ին Սևակ Գոմցյանից պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար:
Սևակ Գոմցյանը, ընդունելով Վարդան Ղուկասյանին և Հենրիկ Գասպարյանին կաշառք տալու պահանջը, խոստացել է վերջիններիս կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին ապօրինի գործողության թողտվության և հովանավորչության համար 2 մասով տալ պահանջված կաշառք գումարը, ինչի մասին Հենրիկ Գասպարյանը հայտնել է Վարդան Ղուկասյանին: …Ավելին՝ արդեն իսկ փաստացի կառուցված շուրջ 3079.5 քմ մակերեսով առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցը քանդելու պատրանք ստեղծելու նպատակով վկայակոչված նախագծման թույլտվությամբ սահմանել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052020-08-0004 վկայականի հողամասի սահմանում գտնվող 2.28 քմ մակերեսով կառուցված ինքնակամ շինության քանդման պահանջ՝ տվյալ շինությունը փաստացի քանդված լինելու պայմաններում, որից հետո Վարդան Ղուկասյանը ստորագրել և հաստատել է հիշյալ կեղծ փաստաթուղթը՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ։


Կարծիքներ