Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
2026 թվականի համար նախատեսվում է Սևանա լճում սահմանել սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ։ Որսի իրականացման ժամկետը կսահմանվի 2026 թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Այս մասին Կառավարության փետրվարի 5-ի նիստում հայտարարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով Սևանա լճում 2026 թվականի ընթացքում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակների, ժամկետների, ինչպես նաև որսի կազմակերպման պայմանների և պահանջների սահմանման մասին որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ որոշման մշակման հիմքում ընկած են 2025 թվականին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալները։ Դրանց համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3 591,8 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 1 373,9 տոննա։ Գիտական կենտրոնը պայմանագրով նախատեսված կարգով 2026 թվականի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով կսահմանվի աշնանային որսաշրջանի համար նախատեսվող հավելյալ չափաքանակը։
Մկրտչյանը նշել է նաև, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականին սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը սահմանվել է 200 դրամ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ նախկին 65 դրամի փոխարեն։ Ընդ որում, բնօգտագործման վճարը կվճարվի ոչ թե փաստացի որսված, այլ տրամադրված չափաքանակի համար։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախորդ տարիների վիճակագրական տվյալները։ Նրա խոսքով՝ 2025 թվականին սիգի որսի թույլատրելի ընդհանուր չափաքանակը կազմել է 1 123 տոննա՝ երեք փուլով (314, 189 և 620 տոննա)։ Փաստացի որսվել է 1 103 տոննա, իսկ վճարված բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 72,5 մլն դրամ։
2024 թվականին սահմանվել է 679 տոննա ընդհանուր չափաքանակ՝ երկու փուլով (257 և 422 տոննա)։ Փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ։ 2023 թվականին սահմանված 600 տոննա չափաքանակից (երկու փուլով՝ յուրաքանչյուրում 300 տոննա) փաստացի որսվել է 366,1 տոննա, իսկ բնօգտագործման վճարը կազմել է 25,4 մլն դրամ։
«Վերջին տարիներին նկատվում է աճ ինչպես որսի սահմանաչափերի, այնպես էլ փաստացի որսված ձկան ծավալների և վճարված բնօգտագործման վճարների մասով»,– ընդգծել է Արա Մկրտչյանը։


Կարծիքներ