Հայ-ղազախական հարաբերություններն առանձնանում են ռազմավարական բնույթով, առկա է վստահելի քաղաքական երկխոսություն․ վարչապետ

Հայ-ղազախական հարաբերություններն առանձնանում են ռազմավարական բնույթով, առկա է վստահելի քաղաքական երկխոսություն․ վարչապետ

2024 թվականին լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերին և մանրամասնել, թե ինչպես են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները երկրների միջև։

«Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի, այսօր երկրների հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

«Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։

Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում:

Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում