«Բարսելոնան» դուրս չի եկել Սուպերլիգայից, որպեսզի չվճարի հսկայական գումարներ

«Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին մանրամասներ է հրապարակել L’Esportiu de Catalunya-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նոր ղեկավարության անցկացրած ստուգումների ընդհանուր արդյունքները դեռևս հայտնի չեն, սակայն որոշ մանրամասներ պարզ են: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կանխատեսում է, որ թիմն ընթացիկ մրցաշրջանում կկորցնի շուրջ 400 մլն եվրո: Այսպիսի կորուստը պայմանավորված է նրանով, որ երկրպագուները «Կամպ Նոու» ստադիոն այցելելու հնարավորություն չեն ունեցել, ակումբային ապրանքների վաճառքի քանակը նվազել է: Ազդել է նաև այն, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչում, իսկ բյուջեն մշտապես կառուցվել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում նվազագույնը քառորդ եզրափակիչ հասնելու հիման վրա:
Ակումբը նաև ունի ֆուտբոլիստների աշխատավարձի պարտք, որը կազմում է 70 միլիոն եվրո: Այս պայմաններում Սուպերլիգային մասնակցելը «Բարսելոնայի» համար կենսական կարևորություն ունի, քանի որ թիմը երաշխավորված 350 մլն եվրո է վաստակելու յուրաքանչյուր մրցաշրջանում: Կատալոնական ակումբը դուրս չի եկել մրցաշարից, քանի որ այն ակումբը, որը լքում է մրցաշարը, պարտավորվում է վճարել 300 մլն եվրո փոխհատուցում՝ համաձայն այն պայմանագրի, որ կնքվել է 12 ակումբների միջև: «Բարսելոնան», սակայն, առանց տուգանքներ վճարելու մրցաշարից դուրս գալու իրավունք կունենա այն դեպքում, եթե ակումբի անդամները դեմ քվեարկեն թիմի՝ մրցաշարին մասնակցությանը:
Կարծիքներ